Այսօր առավոտյան ժամը 10-ին շրջայց կատարեցինք կրթահամալիրով։ Մեր շրջայցը սկսվեց կրթահամալիրի մայր դպրոցից։ Շրջայցի ժամանակ քայլելու հետ մեկտեղ նաև խոսվեց կրթահամալիրի կատարած աշխատանքի և մոտ ապագայում կատարվելիք ծրագրերի մասին։ Այժմ մի փոքր ավելի մանրամասն կխոսեմ դրանց մասին։

Կրթահամալիրի ջանքերով վերջին տարիներին բազմաթիվ նախագծեր են իրականացվել և շարունակում են իրականացվել մինչ օրս։ Այդ նախագծերից մեկը ճանապարհների բարեկարգումն է։ Կրթահամալիրը բարեկարգել է ճանապարհները դրանք դարձնելով ողորկ և երեկոյան ժամերին լուսավորված։ Այժմ Ճանապարհը անվտանգ և հասանելի է սովորողների, այդտեղի բնակիչների, հաշմանդամ մարդկանց և առհասարակ բոլորի համար։
Մոտ ապագայում իրականացվող ծրագրերից մեկն է տարածքի կանաչապատումը։ Կրթահամալիրը դեմ է ասֆալտապատ տարածքներին և առաջարկում է ասֆալտի փոխարեն կանաչով պատել մեզ շրջապատող տարածքը։ Սա այլընտրանք է, որը շատ ավելի առողջարար, հաճելի և գեղեցիկ է բոլորի համար։ Այս ծրագիրը արդեն իսկ իրականացվում է կրթահամալիրը շրջապատող որոշ տարածքներում։ Այսպիսով կրթահամալիրը ստեղծում է պուրակներ և պուրակային ուղիներ սովորողների և այդտեղի բնակիչների համար։

Մյուս` ոչ պակաս կարևոր ծրագրերից է, հեծանվորդների համար ուղի հատկացնելը։ Ուղի, որը նախատեսված կլինի միայն հեծանվորդների համար, որտեղ մեքենաներ չեն լինի։ Ինչպես նաև հեծանվաուղու կողքին կլինի հետիոտների համար ուղի, որը ևս հարմար և անվտանգ կլինի քայլողների համար։

Շրջայցի շրջանակներում նաև քայլեցինք սարալանջով։ Այժմ այնտեղ իրենց տեղն են գտել խաղողի այգիները, որոնք գեղեցկացնում են միջավայրը և հետագայում օգտագործվում կրթահամալիրի գինեգործության աշխատանքների համար։ Սարալանջը նաև զարդարում են կրթահամալիրի քանդակագործների կողմից պատրաստված քանդակները։ Հետագայում այդ քանդակների շարքը կհամարվի ևս մեկով` Ծովինարի քանդակով, որը էլ ավելի կգեղեցկացնի տարածքը։
Այսօրվա շրջայցը ավարտեցինք Գեղարվեստի դպրոցում։ Այնտեղ քննարկվեցին կրթահամալիրի համար մի շարք կարևոր հարցեր։ Իհարկե քննարկվեց նաև կրթահամալիրի կողմից կազմակերպված հակահամաճարակային միջոցառումները, որոնք անհրաժեշտ են երկրում տիրող ներկայիս դրության ժամանակ։

Կրթահամալիրը արդեն երկար տարիներ բարեփոխումներ է կատարում և ավելի լավ ապագա ստեղծում սովորողների, ծնողների, բնակիչների և մնացած բոլոր-բոլորի համար։ Կարծում եմ, որ բոլոր այդ իրականացված և առաջիկայում իրականացվելիք աշխատանքները հաջողված են և փոխում են բոլորիս կյանքը դեպի լավը։