Որոտնաբերդ

Որոտնաբերդը այժմ ավերակ է։ Ունի հյուսիս-արևմուտք — հարավ-արևելք ձգվածությամբ թամբի ձև։ Երեք կողմից երիզված է Որոտան գետի անդնդախոր կիրճով, պարսպապատված է եղել միայն հարավ-արևմուտքից։ Հարավ-արևելքում, ընդհանուր տարածքից մոտ 50մ բարձր (նույնպես երեք կողմից շրջապատված գահավեժ ժայռերով), միջնաբերդն է։ Վերջինիս հյուսիս-արևմուտքում կառուցված է կրաշաղախով և բազալտե խոշոր կիսամշակ քարերով երկտակ պարիսպը, որի հարավ-արևմուտքում եղել է բերդի հետ կապող կամարակապ դարպասը։ Միջնաբերդի արևելյան մասում կան կիսաշրջանաձև պատով դիտաշտարակի, մատուռի մնացորդներ։
Աղիտուի հուշարձան

Աղիտուի հուշարձանի առաջին հարկաբաժինը սրբատաշ երանգավոր քարերից կառուցված երկու կամարակապ խորշերով ու հարթ ծածկով սրահ է, որի տակ ամփոփված են զոհվածների աճյունները։ Հարթակի կենտրոնական մասում բարձրանում են ուղղանկյուն մույթերի և ութանիստ սյան վրա հենված ճոխ զարդաքանդակներով պսակված եռամաս կամարաշարքը։ Մահարձանի շրջակայքը հարուստ է հնագիտական հուշարձաններով, որոնք վկայում են, որ այստեղ հեթանոսական շրջանի պաշտամունքային կառույց է եղել։ Վաղ քրիստոնեության շրջանում կառույցը ավերվել է, իսկ դրա տեղում կառուցվել է եկեղեցին։ 10-11-րդ դարերում նույն եկեղեցու տեղում Սյունիքի Սմբատ թագավորի կողմից նոր եկեղեցի է կառուցվել, որն ավերվել է հրդեհից։
Մելիք Թանգու կամուրջը

Մելիք Թանգու կամուրջը գտնվում է Սիսիանից մոտ 20 կմ արևելք: Կամուրջը կառուցվել է 1855 թվականին Սյունիքի Մելիք Թանգու կողմից Որոտան գետի վրա Որոտնաբերդի փլատակներից ներքև գտնվող կիրճում։ Բերդը բազմիցս գրավվել և ազատագրվել է 450 թվականին Վարդան Մամիկոնյանի կողմից։ 18-րդ դարում ազատագրվել է Մելիք Բաղրուց Դավիթ Բեկի կողմից։
Մելիք Թանգու կամուրջը ընդգրկված է Որոտանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Զորած քարեր

Զորած քարերը մեգալիթյան կառույց է, որը տեղակայված է պետության կողմից պահպանվող հատուկ տարածքում՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ։ Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել է, չնայած էրոզիայի ենթարկվելու պատճառով ծածկված են քարաքոսերով։ Անցքերը ավելի լավ են պահպանվել։ Կան նաև կոտրված քարեր։ Քարահունջի քարերը բերվել են մոտակա Դար գետի ձորի քարհանքից, բարձրացվել և տեղափոխվել են հյուսված պարաններով ու լծկան կենդանիների միջոցով։
Աղբյուրներ` FindArmenia, Onewaytour