<<Հերոսամարտ>> նախագիծ. Վանի հերոսամարտը

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին թուրքական իշխանությունները կազմակերպեցին Վանի նահանգի հայ բնակչության զանգվածային կոտորած։ Կովկասյան ճակատում պարտություն կրած թուրքական զորքերը, նրանց միացած քուրդ հրոսակախմբերը և մուսուլմանական խառնամբոխը դաժանորեն սպանում էին հայերին, թալանում նրանց ունեցվածքը, ավերում հայ շեները։ Վանի նահանգի մի շարք գավառներում (Շատախ, Հայոց ձոր, Արճեշ. Թիմար, Ալջավազ և այլն) հայերը կազմակերպեցին ինքնապաշտպանություն՝ համառ մարտեր մղելով թշնամու դեմ։ Ամենաերկարատևն ու արդյունավետը եղավ Վանի հերոսամարտը։

1914 թվականին Վանում բնակվում էր 41 հզ. մարդ, որից 23 հզ-ը՝ հայեր, մնացածը՝ մուսուլմաններ, հիմնականում՝ թուրքեր։ Քաղաքը բաժանված էր երկու մասի՝ Այգեստան և Քաղաքամեջ։ Առաջինում բնակվում էր շուրջ 20 հազար, իսկ երկրորդում՝ մոտ 3 հզ. հայ։ Այս երկու հատվածները գտնվում էին միմյանցից 5-6 կմ հեռավորության վրա, իսկ նրանց միջև բնակվում էին թուրքերը։

1915 թվականին Վանում կուտակվել էր շրջակա գյուղերից փախած ավելի քան 70 հզ. հայ։ Առաջնահերթ կազմակերպվեց Վանի մի քանի նշանավոր հայերի (Ա. Վռամյան, Իշխան) սպանությունը, ապա, նույն տարվա ապրիլին թուրքական զորքերը պաշարեցին Այգեստանը, կտրեցին կապը Քաղաքամեջի հետ։ Հայերը դիմագրավելու միջոցներ ձեռք առան։ Այգեստանում ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար ստեղծվեց Վասպուրականի հայ ինքնապաշտպանության մարմին, որի անդամներն էին Արամ Մանուկյանը, Արմենակ Եկարյանը, Գաբրիել Սեմերջյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը, Հրանտ Գալիկյանը և Փանոս Թերլեմեզյանը։

Այգեստանում զենք կրելու ընդունակ 1500 տղամարդ կար. ունեին 505 հրացան և 549 ատրճանակ։ Ջևդեթ բեյի հրամանատարության ներքո կար մոտ 12000 զինվոր, 12 նորագույն և մի քանի տասնյակ ողորկափող թնդանոթ։ Ինքնապաշտպանական կռիվները սկսվել են ապրիլի 7-ին, երբ թուրք զինվորները հարձակվեցին Շուշանց գյուղից Այգեստան եկող հայ կանանց վրա։ Փոխհրաձգությունից հետո թուրքերը գրոհեցին Այգեստանի վրա, սակայն հետ մղվեցին՝ տալով զգալի կորուստներ։ Ինքնապաշտպանները, գրավելով հակառակորդի մի շարք կարևոր դիրքեր և ամրություններ, հրդեհեցին ու պայթեցրին դրանք։ Գրեթե ամենօրյա կատաղի մարտերով, թաղամասի անընդհատ հրետակոծությամբ (օրական՝ մինչև 300 արկ ու ոումբ) հակառակորդին չհաջողվեց ճեղքել հայերի պաշտպանությունը։ Նույնիսկ Էրզրումից ժամանած գերմանական սպայի կազմակերպած գիշերային գրոհը ոչ մի արդյունք չտվեց, թուրքերը, 60-70 զոհ տալով, հետ շպրտվեցին։ Հայ տղամարդկանց հետ հավասար մարտնչեցին նաև կանայք ու աղջիկները։ 19-ամյա Իսկուհի Համբարձումյանը (Սևո) մարտական առաջադրանքը գերազանց կատարելու համար պարգևատրվեց «Պատվո խաչ» շքանշանով։

Մինչև ապրիլի 10-ը թուրքական գրոհները եղել են անկանոն, բայց վերախմբավորելով իրենց ուժերը, հրետանու աջակցությամբ թշնամին մի քանի օր շարունակ անընդմեջ գրոհել է՝ չհասնելով, սակայն, շոշափելի արդյունքի։ Ապրիլի 13-16-ին թուրքերը ակտիվ գործողություններ չեն ծավալել, բավարարվել են միայն հրետակոծությամբ՝ օրական արձակելով 250-300 արկ։ Վանի մարտերի ընթացքում չի դադարել նահանգի հայ բնակչության կոտորածը, միայն երեք օրում կոտորվել է 24000 հայ, թալանվել ու հրդեհվել ավելի քան 100 հայկական գյուղ։

Մայիսի սկզբին ռուսական բանակի և հայ կամավորական ջոկատների առաջխաղացումը հարկադրել է թուրքական հրամանատարությանը դադարեցնել Վանի պաշարումը և հեռանալ` ունենալով զինտեխնիկայի և մարդկային ռեսուրսների մեծաքանակ կորուստներ։

1915 թվականի ապրիլի 7-ից մինչև մայիսի 6-ը տևած Վանի հերոսական ինքնապաշտպանությունը հայ ազգային-ազատագրական պայքարի փառավոր էջերից է։ Այն 150000-ից ավելի հայերի հնարավորություն տվեց փրկվել անխուսափելի ոչնչացումից, օրինակ ծառայեց մյուս վայրերի հայերի համար։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s