Կարծում եմ յուրաքանչյուր մարդու համար շատ կարևոր է իմանալ իր գերդաստանի պատմությունը։ Չափազանց կարևոր է իմանալ, թե որտեղից են եկել իր նախնիները։ Ինձ համար դա ևս շատ կարևոր է, և այսօր ես մի փոքր կպատմեմ իմ գերդաստանի մասին։
Սկզբում կցանկանամ խոսել մայրիկիս արմատների մասին և պատմել թե որտեղից են եկել նրա նախնիները։

Տատիկս` Ալլա Գրիգորյանը, ծնվել և իր ողջ կյանքը ապրել է Երևանում, չնայաց նրան, որ նրա ծնողները բնիկ երևանցի չեն եղել։ Տատիկիս ծնողները ծնվել և մեծացել են Թբիլիսիում և, միայն որոշ ժամանակ անց, եկել ու մշտական բնակություն են հաստատել Երևանում։ Թբիլիսիից են եղել նաև իրենց նախնիները։

Պապիկիս` Հակոբ Հակոբյանի նախնիները եղել են Սևանից։ Նա նույնպես ծնվել և մի քանի տարի ապրել է այնտեղ։ Պապիկս այդքան էլ երկար չի մնացել Սևանում, քանի որ նրա ծնվելուց որոշ ժամանակ անց իր ողջ ընտանիքը որոշել է տեղափոխվել և մշտական բնակություն հաստատել Երևանում։
Այժմ կցանկանամ նաև մի փոքր պատմել հայրիկիս արմատների մասին։

Տատիկս` Կարինե Բաբայանը, ծնվել է Ռուսաստանում, սակայն շատ կարճ ժամանակ անց իր ողջ ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան։ Տատիկիս ծնողները ծնվել և որոշ ժամանակ ապրել են Լոռիում` Շնող գյուղում։ Այնտեղ են ծնվել և ապրել նաև իրենց նախնիները։
Պապիկս` Նիկոլայ Բաբայանը, ծնվել և մեծացել է Երևանում։ Նրա ծնողները ևս ծնվել և ապրել են այստեղ, չնայած նրան, որ իրենց նախնիները Երևանից չեն եղել։ Պապիկիս մոր նախնիները եղել են Արտաշատից, իսկ հոր նախնիները` Հրազդանից։
Ես երբեք չեմ մոռանում իմ արմատները` իմ նախնիներին։ Ես միշտ հիշում և հպարտանում եմ նրանցով։ Հուսով եմ որ նրանք նույնպես ինձնով հպարտանալու շատ առիթներ կունենան։ Դրա համար ես անում եմ հնարավոր ամեն ինչ։