Երկար ժամանակ չէ որ սովորում եմ կրթահամալիրում, սակայն նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում ձեռք եմ բերել մեծ փորձ և նոր ունակություններ, ծանոթացել շատ հետաքրքիր և բարյացակամ մարդկանց հետ, մասնակցել բազմաթիվ հետաքրքիր նախագծերի։ Հիմա մի փոքր ավելի մանրամասն կխոսեմ կրթահամալիրում իմ անցած ուղղու մասին։
Եկել եմ Մխիթար Հերացու անվան ավագ դպրոցից, 11-րդ դասարանի ուսումնական առաջին շրջանի ավարտին։ Ամեն ինչ բավականին անակնկալ ձևով ստացվեց։ Մի երեկո դրսում պատահաբար հանդիպեցի ընկերուհուս։ Խոսեցինք և նա ինձ պատմեց կրթահամալիրի մասին։ Լսելով նրա պատմածը արդեն իսկ հասկացա որ ցանկանում եմ սովորել այդտեղ և մեկ շաբաթ անց առաջին անգամ եկա կրթահամալիր։
Այստեղ ամեն ինչ նոր ու անծանոթ էր ինձ համար։ Նոր էր, սակայն միևնույն ժամանակ շատ հաճելի։ Ես կարողացա շատ կարճ ժամանակում ներգրավվել կրթահամալիրի առօրյայում և շուտով կրթահամալիրը ինձ հարազատ դարձավ։
Իհարկե դրա համար նաև պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց ովքեր իմ կողքին էին։ Թե’ սովորողները, թե’ դասավանդողները առաջին իսկ օրվանից ինձ ջերմ ընդունել և ամեն հարցում օգնել են։ Առանձնահատուկ շնորհակալություն ընկեր Լուսինեին, ով ինձ միշտ օգնել ու աջակցել է։
Կրթահամալիրում սովորելու ընթացքում նաև մասնակցել եմ ճամփորդությունների, որոնցից յուրաքանչյուրից մեծ տպավորություններ եմ ստացել։ Վերջինը, որին մասնակցեցի դեպի Սյունիք ճամփորդությունն էր։ Այս ճամփորդության ընթացքում այցելեցինք բազմաթիվ չքնաղ վայրեր և տեսանք Հայաստանի չնաշխարհիկ բնությունը իր ողջ գեղեցկությամբ։ Մեր այցելած վայրերից էին Շաքեի ջրվեժը, Որոտնավանքը, Տոլորսի ջրամբարը, Աղի Տուի հուշարձանը, Մելիք Թանգու կամուրջը, Որոտնաբերդը, Զորաց քարերը և այլն։ Այս ճամփորդությունը իմ մեջ թողել է անմոռանալի տպավորություններ և ջերմ հիշողություններ, որոնք դեռ շատ երկար ժամանակ չեն մոռացվի։ Այն ինձ համար առանձնահատուկ էր նաև նրանով, որ ինձ հետ էին նաև երկու տատիկներս։
Կրթահամալիրը ինձ մի կարևոր հնարավորություն էլ տվեց։ Այստեղ ես կարողացա ավելի խորությամբ ուսումնասիրել օտար լեզուները` մասնավորապես իսպաներենը։ Մինչ այդ էլ գիտեի իսպաներեն, սակայն այստեղ սովորելով, այժմ էլ ավելի լավ եմ տիրապետում լեզվին։ Մայրիկս նույնպես գիտի իսպաներեն։ Նա իսպաներենի մասնագետ է։ Անցյալ տարի ես հնարավորություն ունեցա նրա հետ միասին մասնակցել ընտանեկան նախագծերից մեկին։
Այս մեկ տարվա ընթացքում ամենահիշարժան օրերից էր նաև Ուրուգվայի հյուպատոսի այցը կրթահամալիր։ Այցի շրջանակներում ես հանդես եկա որպես թարգմանիչ։ Իսպաներեն լեզվով խոսեցի ու ներկայացրեցիի կրթահամալիրի առօրյան և կատարված նախագծերը ։ Նաև թարգմանեցի Հյուպատոսի զրույցը սովորողների ու Տիար Բլեյանի հետ։
Կրթահամալիրում անցկացրած այս մեկ տարին շատ հաճելի և լավ տպավորություններով լի էր։ Ափսոս որ կարճ ժամանակ ունեցա այստեղ սովորելու համար, բայց նույնիսկ այս կարճ ժամանակը բավական էր կրթահամալիրը սիրելու համար։ Վստահ եմ որ կրթահամալիրում սովորելու ժամանակահատվածում ունեցած իմ տպավորություններն ու հիշողությունները դեռ երկար կուղեկցեն ինձ կյանքում և ես միշտ կարոտով կհիշեմ այդ օրերը։